2018 թ. հուլիսի 27-ին Երևանի Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (նախագահել է 1998-2008թթ.) կալանավորվում է երկու ամիս ժամկետով: Նախկին նախահագին մեղսագրում են 2008թ.մարտի 1-ի ցույցերը ցրելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նախկինում իշխանության գլուխ կանգնած Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամների կալանավորումն անցկացվումէ նոր իշխանությունների կողմից, «թավշյա հեղափոխությունից» հետո իրականացվող հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում: Կոռուպցիայի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի հիմնական ծրագրային դրույթներից է, որի շնորհիվ նրան հաջողվում է ձեռք բերել քաղաքական միավորներ և հասարակության մի մասի աջակցությունը: Սակայն, Քոչարյանի կալանավորումը հանգեցնում է հասարակության մեջ բևեռացման ու ռեզոնանսի առաջացմանը: Բնականաբար, «հեղափոխության»կողմնակիցներին գոհացնում է կալանավորման փաստը, քանի որ նրանք նախկին իշխանությունների դեմ կիրառվող բոլոր սանկցիաներն ընկալում են որպես Նիկոլ Փաշինյանի ՝ գարնանը տեղի ունեցած ակցիաների ժամանակ հնչեցված հակակոռուպցիոն ծրագրի իրականացման դրսևորում:
Փաշինյանի ու նրա թիմի հակառակորդները, ինչպես նաև նրանք, ովքեր զգուշությամբ են ընդունում «թավշյա հեղափոխություն»ը որպես այդպիսին, ուղիղ կամ անուղղակի կերպով քննադատեցին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը: Նախկին նախագահի կողմնակիցներն ու համակիրները համարում են, որ«Քոչարյանը չի եղել երկրի համար վատ նախագահ .նրա ղեկավարման ժամանակ կրճատվել է արտագաղթն ու սկսել է զարգանալ տնտեսությունը: Միակն մարդն, ով արժանի է կալանքի դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, որի ղեկավարման ժամանակաշրջանում երկիրը զգացել է 90-ականների բոլոր«հրապուրիչ կողմերը»:
Անկասկած, կան բաներ, որոնց համար կարելի է սիրել կամ չսիրել Ռոբերտին ու Լևոնին, սակայն համակիրներն ու հակառակորդները օբյեկտիվ չեն, քանի որ չափազանցնում են և նրանց արժանիքները և նրանց պատճառած վնասը երկրին: Ցավոք սրտի, բնակչության ճնշող մեծամասնությունն այպես էլ չհասկացավ, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում այս տարվա գարնանը, և թե ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված«թավշյա հեղափոխությունը»: Երկրում բացակայում է նաև հստակ պատկերացումը նախկին իշխանությունների, էլ չասած 90-ականների իրադարձությունների վերաբերյալ: Գրեթե ոչ ոքի համար գաղտնիք չէ այն, որ Հանրապետական կուսակցության անդամները ստեղծել են կոռումպացված համակարգ, կամ այն, որ 90-ականներին երկիրը դարձրել էին քաոս, սակայն քչերն են հասկանում այդ իրողությունների սոցիալ-տնտեսական նախադրյալները:
Մենք սովոր ենք անձնավորել պատմական իրադարձություններն ու այն ամենն ինչ կապված է դրանց հետ: Բանավեճն այն մասին, թե ով է ավելի շատ վնասել Հայաստանին՝ Ռոբերտ Քոչարյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ՝ անձի դերի չափազանցվածության վառ օրինակ է: Սխալ է միայն Լևոնին մեղադրել 90-ականների սարսափելի վիճակի համար, ինչպես սխալ է 2000-ական թթ. տնտեսական աճը վերագրել միայն Ռոբերտին: Հարկավոր է հասկանալ, թե ինչով են իրականում պայմանավորված եղել այդ իրադարձությունները:
Լևոն Տեր-Պետրոսյանի նախահագահական տարիները
Ինչպես երկու նախագահները, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ներգրավված է եղել Ղարաբաղյան շարժման մեջ: Հետագայում, նա ղեկավարում է Հայոց Համազգային շարժումն (ՀՀՇ) ու դառնում ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ: Նրա նախագահության շրջանում, 1990թ. ընդունվում է Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը: ՀՀՇ-ն լիբերալ-դեմոկրատական շարժում է, որի ծրագրային նպատակն էր դուրս բերել Հայաստանը ԽՍՀՄ կազմից, հրաժարվել պլանային տնտեսական համակարգից ու անցում կատարել դեպի շուկայական տնտեսություն: Նոր պետությունը պետք է ինչ-որ հենարան ունենար , ուստի կար սեփականատերերի նոր դասի ՝ կապիտալիստների ստեղծման կարիք: Այդգործընթացը հարկավոր էր իրականացնել որքան հնարավոր է արագ: Լավ է դեռ, որ այդ«արյունալի թիակը» թողել էր զգալի նյութական և տեխնիկական հիմք ՝ գործարանների, գիտահետազոտական կենտրոնների, էլեկտրակայանների, հանքարդյունաբերական ձեռնարկությունների տեսքով:
ՀՀՇ-ն չէր կարող սպասել, թե երբ էին սեփականատերերն իրենք իրենց ի հայտ գալու, ուստի որոշվեց վաճառել նախկին Խորհրդային սեփականությունը, որը ստեղծվել էր աշխատավորների դասի կողմից: Բնականաբար, երբեմնի Խորհրդային ձեռնարկությունները հայտնվում են ոչ ապահով ձեռքերում: Բոլոր նրանք, ովքեր ունեին կապեր, վարչական ռեսուրս, բռնի ֆիզիկական ուժ և խորամանկություն ՝ դարձան սեփականատերեր:
Բնակչության զգալի մասը մնաց ձեռնունայն.հարուստների ու աղքատների միջև անջրպետը հասավ անասելի չափերի: Հայաստանի աշխատավորներին այնպիսի հարված հասցվեց, որից շատերն այդպես էլ ուշքի չեկան: Բացի դրանից, թալանչի այդ սեփականաշնորհումը ահռելի վնաս հասցրեց արդյունաբերությանը, կրթական համակարգին, մշակույթին և դեմոգրաֆիային: Այդ ամենից հետո մարդիկ ի վիճակի չէին հասկանալու բարեփոխումների իրական նպատակը, էլ չենք խոսում իրենց սոցիալական իրավունքների համար մղվող պայքարի մասին:
Այսպես էր ընթանում կապիտալիզմի հաստատումը Հայաստանում: Սակայն, յուրաքանչյուր գործընթաց մի օր ավարտվում է: Սովետական արդյունաբերության վերաբաժանման հաշվին տեղի ունեցող նախնական կապիտալի կուտակման գործընթացը նույնպես ավարտվեց: 90-ականներին ստեղծված տնտեսական համակարգը կայունանում է, և դրանում չկա ինչ-որհատուկ անձի դերակատարություն:
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության մասին
Լևոնին չի հաջողվում մրցակցել ավելի համարձակ քաղաքական ընդդիմախոսների հետ, և շուտով նա ստիպված է լինում լքել իր պաշտոնը: Իշխանության է գալիս մեկ այլ խումբ, որը նույնպես ներկայացնում էր բուրժուազիայի շահերը: 90-ականների վերջին և 2000-ական թթ. սկզբին, Քոչարյանի իշխանության գալուց հետո, Հայաստանում աշխատավոր ժողովրդի թալանի գործընթացն ամենևին էլ չի ավարտվում, այն ուղղակի անցնում է մեկ այլ ավելի մեղմ փուլ. երկրում կրկին հաստատվում ենշուկայական հարաբերություններ; երկրի հարստությունը պատկանում է օլիգարխներին, որոնք ձևավորում են քաղաքական իշխանություն, իսկ բնակչության զգալի հատվածը, որին չի հաջողվել լքել երկիրը, դժվարությամբ է ապրում նոր կապիտալիստական իրականության մեջ:
Քոչարյանի նախագահության տարիներին երկրի տնտեսական իրավիճակը բարելավվում է և արտագաղթի տեմպերը զգալի նվազում են: Շատ հաճախ այդ փաստը համարում են Քոչարյանի ձեռքբերումներից մեկը, սակայն հարկ է նշել, որ երկրում կենսամակարդակի բարձրացումն ու տնտեսական աճն ունեին օբյեկտիվ պատճառներ: 2000-ականների սկզբին աշխարհում տեղի է ունենում տնտեսական աճ. Հանրապետությունից արտահանվող շատ օգտակար հանածոների՝ այդ թվում պղնձի ու ալյումինի գներն աճում են:Աճ է գրանցվում նաև նավթի գներում, որը խթանում է Ռուսաստանի տնտեսության բարելավմանը: Այդ փոփոխությունը չէր կարող դրական չազդել հայկական տնտեսության վրա, քանի որ Հայաստանը ուներ սերտ տնտեսական կապեր Ռուսաստանի հետ: Լևոնի նախագահության տարիներին Հայաստանը լքած բնակչության մեծ մասը բնակություն էր հաստատել Ռուսաստանում, հետևաբար, կենսամակարդակի բարձրացման հետ մեկտեղ ավելանում են Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումները:
Քոչարյանի ժամանակ տնտեսական երկակի աճը պայմանավորված էր դրամական քաղաքականությամբ ու արտերկրից եկող մասնավոր փոխանցումներով: 2004-2008 թթ. Հայաստանի բանկային համակարգ տեղի է ունեցել 5.3 մլրդ. Ամերիկյան դոլարի ներհոսք: 2000 թվականից սկսվում է ռուսական պետական և մասնավոր ընկերությունների ընդլայնումը Հայաստանում: Այդ ընդլայնումը շարունակվում է նաև Սերժ Սարգսյանի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ սկսում են իրականացնել «ներդրումներ պարտքերի փոխարեն»քաղաքականությունը: Ինչպես նշեցինք, ածխաջրածինների գնի բարձրացմամբ պայմանավորված, ռուսական ընկերությունները ձեռք են բերում լրացուցիչ միջոցներ, որոնք հարկավոր էր յուրացնել ներդրումների տեսքով: Հայաստանը դառնում է մի երկիր, որտեղ Ռուսաստանը սկսկում է ներդնել նավթի վաճառքի եկամտից ստացված գումարները:
2000 թթ.Հայաստանի արտաքին պարտքը հասնում է մոտ 900 մլն.ամերիկյան դոլարի, որը գրեթե հնարավորչէր մարել: Հայկական բուրժուազիան ՝ ի դեմս երկրի քաղաքական դեմքերի, չկարողացավ ավելի լավ բան մտածել, քան պարտքերը վճարելու փոխարեն ռուսական կապիտալիստներին փոխանցել երկրի սեփականությունը: Երկրի ղեկավարությունը ազատվեց պետությունը ծանրաբեռնող ընկերություններից, ինչի փոխարեն երկիր կատարվեց դրամական մեծ ներհոսք և պարտքերի մարում:
Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության տարիներին, բացի ռուսական կապիտալից երկիր տեղի է ունենում նաև արևմտյան կապիտալի ներհոսք. 2006 թ. Նաիրիտ գործարանի բաժնետոմսերը վաճառվում են բրիտանական ընկերությանը; 2015 թ. ամերիկյան Contour Global ընկերությունը ձեռք է բերում Որոտանի հիդրոէլեկրտրակայանը; ֆրանսիական Veolia Generealades Eaux ընկերությունը ջրամատակարարման մոնոպոլիստ է Հայաստանում: Բացի դրանից, տարբեր արևմտյան ընկերություններ ունեն լեռն արդյունաբերության ոլորտի բաժնետոմսեր: Քոչարյանի ժամանակ տնտեսական աճը պայմանավորված էր արտերկրյա ներդրումներով, և այդ «տնտեսական պղպջակն» ուշ թե շուտ տրաքվելու էր: Հենց դա էլ տեղի ունեցավ 2008 թ:
Սերժ Սարգսյանի նախագահության տարին համընկնում է 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, որը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա: 2008 թ. տնտեսական աճը կանգ է առնում, իսկ 2009 թ. նվազում է 14.1 տոկոսով: Այդ պահից ի վեր պետական պարտքը կրկին սկսում է աճել: 2017թ. տվյալների համաձայն, պետական պարտքը գերազանցում է 6.7 մլրդ. $: Պետությունը պետական պարտքի խնդիրը լուծում է հետևյալ կերպ. փոփոխություններ է մտցնում«Բյուջետային համակարգի մասին» օրենքում, որպեսզի կարողանա ավելի շատ պարտք վերցնել:
Մեկ այլ կարևոր հանգամանք ևս հարկավոր է նշել.պետական սեփականության իսպառ վաճառքը կանգ չառավ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարումից հետո: Հետագայում ՝ 1998-2000 և 2001-2003 թթ. իրականացվում են սեփականաշնորհման նոր ծրագրեր: Սեփականաշնորհման վերջին ծրագիրը ՝ նախատեսված 2017-2022 թթ. համար, հաստատվել է Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ: Ինչպես տեսնում ենք, երկրորդ և երրորդ նախագահները շարունակել են նախկին սովետական արդյունաբերության ոչնչացումը, որը սկսկվել էր դեռ 90-ական թթ.:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառները
Շատերը կասեն, որ երկրորդ նախագահի կալանավորումն արդարացի է, քանի որ Հանրապետական կուսակցության ղեկավարներն ու համակիրները իշխանության գլուխ եղած ժամանակ հարստություն էին կուտակում, մինչդեռ երկրի հիմնական սոցիալական և դեմոգրաֆիական խնդիրները մնում էին չլուծված: Անկասկած, ճշմարիտ է այն, որ Հանրապետական կուսակցության ղեկավարները չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքն իրենց իսկ անձնական շահերին ծառայեցնելու համար: Սակայն, դա դեռ ողջ ճշմարտությունը չէ: Առաջին հերթին, նրան մեղսագրում են 2008 թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ 2008 թ. նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, հետևաբար իշխանությունների գործողությունները հետևյալն էին՝ ամեն կերպ պահպանել իշխող դասը: Սա չի ասվում Քոչարյանին արդարացնելու համար: Փաստն այն է, որ յուրաքանչյուր բուրժուական պետություն հնարավորության դեպքում այդ կերպ է վարվում: Այո, 2008 թ. Քոչարյանն ուժ է կիրառել ցուցարարների դեմ, սակայն նման կերպ վարվել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թ., սակայն Փաշինյանը չի նախաձեռնում նրան քրեական պատասխանատվության ենթարկելու գործը:
Եթե օբյեկտիվորեն նայենք 2008 թ. մարտի 1-ի դեպքերին, կտեսնենք, որ ավելի շուտ ընդդիմությունն էր փորձում տապալել սահմանադրական կարգը: Քոչարյանին փորձում են պատասխանատվության ենթարկել հորինված մեղադրանքների հիման վրա և ոչ իրական հանցանքների, չնայած այդպիսիններն անկասկած, առկա են. հնարավոր չէ այդ չափերի ունեցվածք կուտակել օրինական ճանապարհով: Այս ամենը փաստում է, որ Հայաստանում նոր իշխանությունները ցանկանում են վրեժխնդիր լինել Քոչարյանից 2008 թ. դեպքերի համար, այսինքն ՝ իրականցել քաղաքական հետապնդում, իրականացնել այն, ինչի դեմ իբր պայքարում էր ընդդիմությունը իշխանության գալուց առաջ:
Եթե նայենք«թավշյա հեղափոխության» և դրան հաջորդող Հանրապետական կուսակցության անդամների կալանավորումներին ներդասակարգային պայքարի տեսանկյունից, ի հայտ կգան այդ կալանքների իրական պատճառները: Ավելի վաղ մանրամասն գրել են Հայաստանում տեղի ունեցած«հեղափոխական»իրադարձությունների մասին. Հայաստանում ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ բուրժուական հեղաշրջում, երբ մեկ բուրժուա-օլիգարխիկ խմբավորումը ՝ օգտվելով ժողովրդի հիմնավորված դժգոհություններից, պաշտոնանկ է արել մեկ այլ բուրժուական խմբավորմանը: Հեղաշրջման նպատակը քաղաքացիների բարեկեցության ապահովումը չէ: Դրանով նրանք ընդամենը կոծկում են իրենց իրական նպատակները ՝ հարստանալ վարձու աշխատողի շահագործման հաշվին: Դա իրականացնելու համար նրանց հարկավոր է քաղաքական իշխանություն և պետական համակարգի կառավարում:
Ներկա պահին կարելի է արձանագրել Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ու Հանրապետական կուսակցության միջև առկա դիմակայությունը: Հիմա տեղի է ունենում տնտեսության մեջ ազդեցության ոլորտների վերաբաժանում, որի նպատակն է թուլացնել մրցակիցներին և դրանով իսկ հանդերձ թույլ չտալ նրանց քաղաքական ռեվանշ իրականացնել: Սերժ Սարգսյանին և իր թիմակիցներին հեռացնելով, ներդասակարգային պայքարը չի ավարտվում, քանի որ Փաշինյանը հասել է քաղաքական իշխանության, սակայն տնտեսական լծակները դեռ գտնվում են մրցակից Հանրապետականների ձեռքերում, ինչը նշանակում է , որ ֆինանսական հոսքերն անցնում են նոր իշխանությունների կողքով: Կոռուպցիայի, մենաշնորհների, հարկային հանցագործությունների դեմ պայքարն ուղղված է առաջին հերթին թուլացնելու մրցակից Հանրապետականների դիրքերը, իսկ մյուս կողմից հնարավորություն է ընձեռելու ուղղել դրամական հոսքերը պետական ապարատ, որն արդեն վերահսկվում է Փաշինյանի ու նրա մարդկանց կողմից: Այսօր նրանք փորձում են ազատվել այն բոլոր մարդկանցից, ովքեր վտանգավոր են նոր իշխանությունների համար: Այդ նպատակին էր ծառայում նաև Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, ում, գործած զանցանքների համար անկասկած հարկավոր էր պատասխանատվության ենթարկել: Բացի այդ հարկավոր է նաև ցույց տալ ժողովրդին, որ իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ:
Եզրահանգում
Ժողովրդին թալանելու գործընթացը սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին: Հանցագործ սեփականաշնորհմանմասին ժամանակակից պայքարողները չգիտես ինչու լռում են և նախընտրում են խոսել իշխանության ուզուրպացիայի ու կոռուպցիոներների մասին: Իհարկե որպես արդարացում կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանին բաժին էր ընկել բարդ մի իրավիճակ ՝ երկրաշարժ, տնտեսության քայքայում, փախստականներ և այլն: Սակայն, խնդիրների մեծ մասը ստեղծվել են հենց նրա իսկ կուսակցության կողմից և նրա մասնակցությամբ: Միթե՞ երկրի տնտեսությունն ինքն իրեն կարող էր քայքայվել: Հայաստանի ԽՍՀՄ կազմից դուրս գալը՝ սոցիլազմի այդ դեմոնտաժը նախաձեռնելիս միթե՞ Լևոնը չէր մտածում հետևանքների մասին: Երկրաշարժի հետևքանքներն աղետալի էին, բայց ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր, և Միության բոլոր երկրներն օգնություն են ուղարկել Հայաստան: Բացի դրանից օգնության ձեռք է մեկնել նաև հայկական սփյուռքը, և այդ օգնությունը եղել է առաջին նախագահի ղեկավարման տարիներին: Այն բանի համար, որ ֆինանսական ու հումանիտար օգնությունը գողացվել է և աղետից տուժածների խնդիրները չեն լուծվել՝ պատասխանատու է միայն ու միայն երկրի այն ժամանակվա ղեկավարությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրների սխալն այն է, որ նրանք 90-ականների իրադարձությունների ողջ պատասխանատվությունը բարդում են միայն նրա անձի վրա, և համեմատելով Ռոբերտ Քոչարյանի հետ, փորձում են արդարացնել վերջինիս: Դա հարցի սխալ մոտեցում է : Լևոնի մեղքն ու դերը մեծ են, սակայն 90-ականների իրադարձությունները սոցլիազիմի ոչնչացման ու ԽՍՀՄ փլուզման օրինաչափ հետևանքներն են: Միության բոլոր երկրներում տեղի են ունեցել նմանատիպ իրադարձություններ, նմանատիպ հետևանքներով: Հետևաբար, անկախ նրանից, ով կլիներ 90-ականներին իշխանության գլուխ կանգնած, հետևանքը լինելու էր նույնը, քանի որ կապիտալիզմի կազմավորումն ու սեփականատերերի դասի առաջացումը կարող էր տեղի ունենալ միայն այդ ճանապարհով: Կարելի է անել հետևյալ եզրահանգումը. Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇն մեղավոր են նրանում, որ հասարակության քաղաքական ապակողմնորոշվածությունից օգտվելով, հայրենասիրական լոզունգների քողի ներքո վերականգնել են կապիտալիզմը, առանց հետևանքների մասին մտածելու: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, միևնույնն է, արդյունքը նույնն էր լինելու:
ՀՀՇ ընդդիմադիրների հաջորդ սխալն այն է ,որ նրանք Ռոբերտ Քոչարյանին առանձնացնում են 90-ականների իրադարձություններից: Ի՞նչ է արել Քոչարյանն այդ ժամանակ ազգի սննկանալն ու արդյունաբերության ոչնչացումը կանխարգելելու համար: Միգուցե՞նա հանդես է եկել սեփականաշնորհման ու շուկայական բարեփոխումների քննադատությամբ: Նա ոչ միայն դեմ էր, այլ ինքն անձամբ դարձավ նոր հայկական բուրժուազիայի մասը, որը ձևավորվել էր Լևոնի ժամանակ: Եթե Սովետական Միությունը չփլուզվեր, Քոչարյանի և Սարգսյանի նման մարդիկ երբեք չէին զբաղեցնի բարձր պաշտոններ, դեռ չասած կուտակած կապիտալի մասին:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 90-ականների գործիչներ են.առաջինը Լևոնի ժամանակ եղել է վարչապետ, իսկ երկրորդը զբաղեցրել է Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրանք հավասարապես պատասխանատու են արդյունաբերության փլուզման, բնակչության արտագաղթի ու հասարակության շերտավորման համար: Եթե Լևոնին ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց պահպանել իշխանությունն ու հարստություն դիզել, ապա այս երկու նախագահներին հաջողվեց ժողովդրի սննկացման հաշվին հարստանալ: Սխալ կլինի գնահատել նախագահների գործունեությունը ըստ թալանածի չափսերի. Լևոնը չի թալանել կամ չի հասցրել թալանել, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նրան: Դա նույնիսկ կարևոր չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչպես են նրա նախագահության տարիներին հարստացել օլիգարխները: Անձամբ ինքը հարստության մեջ չէր լողում, բայց պայմաններ էր ստեղծել ժողովրդին թալանելու համար:
Հարկավոր չէ փորձել հասկանալ, թե ով է ավելի լավը, իսկ ով վատը: Լևոնի ժամանակ վերականգնվեց կապիտալիզմը, իսկ նրան հաջորդող երկու նախագահները զարգացրեցին ու ամրապնդեցին այն: 2000-ականների տնտեսական աճը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով և պարտքերով:
Ինչպես բոլոր նախագահներն, այնպես էլ նորընտիր վարչապետը տարբեր բուրժուական խմբավորումների ներկայացուցիչներ են. նրանց նպատակն է հասարակությանը շահագործելը, ուստի նրանք աշխատավորների թշնամիներն են, իսկ յուրաքանչյուր քաղաքական կամ պետական գործիչ, որը լոյալ է գործող տնտեսական համակարգի հանդեպ՝ դասակարգային թշնամի է: Հայաստանում աշխատավորները պետք է հասկանան, որ անձերի փոփոխությունից ոչինչ չի փոխվում, նույնիսկ առանձին մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելը բան չի փոխում: Հարկավոր է իշխանությունից հեռացնել բուրժուական այն խավը, որը 90-ականների սկզբից թալանում է երկիրը: Բուրժուազիայի քաղաքական ազդեցութունից ազատվելուց հետո միայն կվերանան մեր հասարակության համար բեռ հանդիսացող խնդիրները: